Նորություններ

img-57_U7_7O.jpg
06 11 2026

Երևանի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է. հոբելյանական երեկո

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական գալա համերգը։ Երեկոն համախմբել է երաժշտասերներին, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին՝ արժևորելու երգչախմբի երեք տասնամյակների ստեղծագործական ուղին և ձեռքբերումները։

Հոբելյանական երեկոյի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Նա բարձր է գնահատել երգչախմբի ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնահատուկ արժևորելով հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի դերը կոլեկտիվի կայացման և գեղարվեստական ինքնության ձևավորման գործում։

Գարեգին Սարգսյանը շնորհավորել է նաև երգչախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանին՝ հիմնադրի ստեղծած ավանդույթները շարունակելու և երգչախմբի ստեղծագործական ուղին զարգացնելու համար։ Կենտրոնի տնօրենը նրան հանձնել է «Կոմիտաս» հուշամեդալը՝ ի գնահատումն Հայաստանում կամերային երաժշտության զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի։

Համերգին Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ։ Ծրագիրը միավորել է հայկական դասական և ժամանակակից երաժշտությունը՝ Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արմենուհի Կարապետյանի և Տիգրան Համասյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Վահագն Բաբլոյանի մշակումները։

Հոբելյանական համերգի հատուկ հյուրերից էր միջազգային ճանաչում ունեցող հայ դաշնակահար և կոմպոզիտոր, ժամանակակից ջազի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Տիգրան Համասյանը։ Որպես հատուկ հյուր երեկոյին մասնակցել է նաև Dialog Project-ը՝ ներկայացնելով հայկական ժողովրդական երգերի ինքնատիպ մեկնաբանություններ։

Երևանի պետական կամերային երգչախումբը հիմնել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը՝ այն անվանակոչելով Երևանի կամերային երգչախումբ։ 2009 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ և վերանվանվել Երևանի պետական կամերային երգչախումբ։

Այս տարիների ընթացքում երգչախումբն իր գործունեության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Կոմիտասի երաժշտական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը՝ միաժամանակ հարստացնելով իր երգացանկը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով։

 

 


Поделиться
Класс