Նորություններ

img-17_302cC.jpg
29 10 2026

«Նվիրում Կոմիտասին»․ սերունդների երկխոսություն

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 28-ին կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Նվիրում Կոմիտասին» խորագրով համերգը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։

Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը՝ ներկայացնելով երեկոյի խորհուրդն ու ծրագրի հիմնական գաղափարը։

Իր խոսքում նա անդրադարձել է Կոմիտասի հիմնադրած ազգային կոմպոզիտորական դպրոցի նշանակությանը՝ ընդգծելով խմբերգի առանցքային դերը հայ երաժշտարվեստում։ Մհեր Նավոյանը նշել է, որ թեև ծրագրում ընդգրկված են տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, դրանք միավորվում են Կոմիտասի ստեղծագործական ավանդույթների շարունակականության գաղափարի շուրջ։ Նա կարևորել է նաև ժողովրդական երգերի մշակման արվեստը՝ ընդգծելով դրա ինքնուրույն գեղարվեստական արժեքը։

Համերգային ծրագրում հնչել են Կոմիտաս Վարդապետի «Հարսանեկան երգեր» և «Հայ գեղջուկ պարերգեր» շարքերը, «Հովն անուշ» և «Մշո շորոր» ստեղծագործությունները, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Տիգրան Մանսուրյանի և Դավիթ Հալաջյանի խմբերգերը, Մելիք Մավիսակալյանի և Ռոբերտ Մլքեյանի՝ ժողովրդական երգերի մշակումները։

Որպես մենակատարներ հանդես են եկել սոպրանո Սոֆյա Սայադյանը, տենորներ Վրեժ Ղարիբյանը, Ռազմիկ Բաղդասարյանը և Մավր Մկրտչյանը, բարիտոն Աբել Աբելյանը։

Դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը հանդես է եկել «Մշո շորոր» ստեղծագործության կատարմամբ։

Երեկոյի ավարտին Ռոբերտ Մլքեյանը, դիմելով հանդիսատեսին, նշել է, որ երգչախումբն ամեն ջանք գործադրում է Կոմիտասի երաժշտական ժառանգությունը հնարավորինս ճշգրիտ, գեղեցիկ և արժանավայել ներկայացնելու համար։ Այնուհետև, որպես բիս, Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարել է Կոմիտասի «Գարուն» ստեղծագործությունը։


Поделиться
Класс